Այսօր ԱՄՆ-ում նշվում է Գոհաբանության օրը: Տոնն ամեն տարի նշվում է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը: Գոհաբանության օրը երկրում ամենամեծ ժողովրդականությունը վայելող տոներից է: Այն առաջին անգամ նշվել է 1621 թվականին՝ անգլիացի գաղութարարների կողմից: Դրան նախորդող ձմեռը եղել էր շատ ծանր, տիրել էր սով, դրա համար էլ Պլիմուտյան գաղութում ոգու բարձրացման համար նահանգապետը կազմակերպել է առաջին Գոհաբանության օրը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Գոհաբանության օրը դարձել է ազգային տոն՝ 1789 թվականին երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի կողմից համապատասխան հրաման արձակելուց հետո: Օրվա գլխավոր ավանդույթներից է ընտանեկան ընթրիքը: Գոհաբանության տոնի նախաշեմին ակտիվանում է բարեգործական գործունեությունը. ամերիկացիները փորձում են կերակրել և ուրախացնել նրանց, ում բախտն այս կյանքում չի բերել:
Առաջին Գոհաբանության տոնին գաղութարարներն ու հնդկացիները տապակել են մոտակա անտառում խփված 4 հնդկահավ, որից հետո հնդկահավը և Գոհաբանության տոնը դարձել են հոմանիշներ: