Ճապոնիայի Օկայամա համալսարանի գիտնականների խումբը հայտարարել է առնետի ցողունային բջիջներից նեֆրոնների՝ երիկամի կառուցվածքի տարրի հաջող ստեղծման մասին, հայտնում է Ria Novosti-ն:
Փորձի ընթացքում գիտնականները վերցրել են առնետի երիկամի սոմատիկ ցողունային բջիջները, ավելացրել 5 տեսակի պրոտեին: 3-4 շաբաթ հետո դրանցից բջջային գոյացություն են ստացել, որի կառուցվածքը համընկնում է նեֆրոնների հետ:
«Ցողունային բջիջներից օրգանների ստեղծումը մարդկության վաղեմի երազանքն է: Արդեն հայտնի է ցանցաթաղանթի բջիջների, ուղեղի և լյարդի հատվածների հաջող ստացման մասին: Բայց աշխարհում առաջին անգամ հաջողվել է հասնել կառուցվածքի ստեղծման, որը ցնցող կերպով համընկնում է իսկական երիկամի կառուցվածքի հետ»,- ասվում է համալսարանի հաղորդագրության մեջ:
Գիտնականները կարծում են, որ կատարված փորձը առաջին քայլը կլինի երիկամների կառուցվածքի վերստեղծման ուղղությամբ, ինչն ապագայում կարող է երիկամների քրոնիկ հիվանդության բուժման նոր արմատական միջոցներ բացահայտել: