Մաքսային միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները եզրափակիչ փուլում են՝ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այսպիսով՝ Վիետնամը կարող է դառնալ առաջին երկիրը, որի հետ կկնքվի նման համաձայնագիր՝ նշել է Պուտինը Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հետ բանակցությունների արդյունքներով՝ փոխանցում է BBC-ն:
Երկրների առաջնորդների ներկայությամբ երեքշաբթի նաև «Գազպրոմնավթի» և վիետնամական պետական նավթագազային ընկերության՝ PetroVietnam-ի միջև ստորագրվել է պայմանագիր ասիական երկիր նավթի մատակարարումների վերաբերյալ:
Ընկերությունների ներկայացուցիչները նաև ստորագրել են փաստաթուղթ՝ համատեղ ձեռնարկության ստեղծման մասին, որը կզբաղվի Պեչորի ծովում Դոլգինի հանքավայրի մշակմամբ: