Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը գտնվում է շատ ծանր վիճակում, հաղորդում է BBC-ն:
Ինչպես BBC-ին հաղորդել է Յուսուֆի փաստաբան Ռամիզ Մամեդովը, նրա վիճակը կտրուկ վատացել է և, հնարավոր է, որ նրան ընդամենը մի քանի շաբաթվա կյանք է մնացել:
Հիշեցնենք Լեյլա Յունուսը ամուսնու՝ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի հետ ձերբակալվել է այս տարվա օգոտոսին: Նրանց մեղադրում են պետական դավաճանության, մասնավորապես, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ:
Լեյլա Յունուսը տառապում է դիբետի երկրորդ տեսակով, ինչպես նաև բարձր զարկերակային ճնշմամբ: Ռամիզ Մամեդովը նաև նշել է, որ ձերբակալությունից հետո իր պաշտպանյալի մոտ լյարդի հետ խնդիրներ են առաջացել:
Սեպտեմբերի 24-ին Լեյլա Յունուսի փաստաբանները հայտարարել էին, որ քնչական մեկուսարանում նրան ծեծի են ենթարկել:
Ադրբեջանի իշխանությունները, սակայն այս լուրը հերքել են և հայտարարել, որ իրավապաշտպանի առողջական վիճակը ստուգվել է, և հիմա այն բավարար է :
Լեյլա Յունուսը ԽՍՀՄ-ում այլախոհական շարժման մասնակից է, Ադրբեջանի ազգային ճակատի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև իր կողմից հիմնված Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն: Այս ոչ կառավարական կազմակերպությունը զբաղվում է մարդու իրավունքների հարցերով, հակամարտությունների ուսումնասիրությամբ և կարգավորմամբ, կոռուպցիայի խնդիրներով և քաղաքական շարժառիթներ հետապնդող դատական որոշումներով: