Վերջին շրջանում էկոլոգիական տրանսպորտը շատ տարածված է դարձել, իսկ սլովենացի մշակողների ներկայացրած ջրային մոտոցիկլետը կարելի է իր դասում «ամենականաչ» տրանսպորտային միջոցը համարել: Այս տրանսպորտային միջոցի առավելություններից մեկը ֆուտուրիստական դիզայնն է և անվտանգության համակարգը, գրում է novate.ru-ն:
Սլովենական Quadrofoil ընկերությունը ներկայացրել է ֆուտուրիստական հիդրոցիկլետը, որը բառացիորեն սավառնում է ջրի վրա: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ Quadrofoil-ը էլեկտրական շարժիչով յուրահատուկ հիդրոցիկլետ է, որը արտանետումներ չունի, իսկ տեղաշարժման ժամանակ փաստացի ալիքներ չի ստեղծում: Արդյունքում, այն կարելի է օգտագործել նրա արգելանոցներում, որտեղ արգելված են աղմուկը, ալիքը և վնասակար արտանետումները:
Երկտեղանի հիդրոցիկլետն աչքի է ընկնում փոքր չափերով՝ 1,5մ լայնությամբ, 1,2մ բարձրությամբ և 3մ երկարությամբ: Շուկայում Quadrofoil-ը երկու տարբերակներով է հայտնվել, որոնց տարբերությունը շարժիչների հզորության մեջ է:
Էլեկտրահիդրոցիկլետի հիմնական առանձնահատկություններից մեկը հատուկ թեքությամբ ստորջրյա թևերն են: Դրանք նվազագույնին են հասցնում ջրի հետ հակազդեցությունը: Հիդրոցիկլետը բավականին թեթև է կշռում՝ 100կգ:
Quadrofoil-ը հագեցած է սենսորային էկրանով, որի վրա արտացոլվում է արագության, անցած տարածության և մարտկոցի վերաբերյալ տվյալներ:
Quadrofoil-ի մշակողները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգությանը: Հիդրոցիկլետի մեջ բախումները կանխող հատուկ համակարգ է տեղադրված:
Quadrofoil-ը վաճառքի կհանվի 2015թ. մարտ ամսին: Այն 18 700 դոլար արժե: