ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դաշինքի անդամ երկրներին կրկին կոչ է արել մեծացնել պաշտպանական ծախսերը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Այն, ինչ մենք ընդունեցինք Ուելսում գագաթնաժողովի ժամանակ, հավաքական անվտանգության զգալի մեծացում է «սառը պատերազմի» ավարտից ի վեր: Դա մեզ կօգնի դիմակայել սպառնալիքներին՝ որտեղից էլ դրանք գան՝ արևելքից, թե հարավից: Կարևոր է, որ մենք ծրագիրը ժամանակին և լիովին իրագործենք»,- ասել է Սթոլթենբերգը՝ նշելով, որ այդ բոլոր ջանքերը և առաջնայնությունները «պետք է պատշաճ կերպով ֆինանսավորվեն»:
Սթոլթենբերգի խոսքով՝ բոլոր անդամ երկրները պետք է նպաստեն ՆԱՏՕ-ի գործողությունների ծրագրի իրագործմանը: «Ավելի խաղաղ ժամանակներում ճիշտ էր կրճատել պաշտպանական ծախսերը, բայց մենք այժմ խաղաղ ժամանակներ չենք ապրում: Ներկայում ճիշտ է կանգնեցնել կրճատումները և մեծացնել մեր պաշտպանության մեջ ներդրումները»,- ասել է նա Հաագայում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական խորհրդաժողովի նիստի ժամանակ:
«Բոլոր դաշնակիցները պետք է իրենց ներդրումն ունենան»,- նշել է Սթոլթենբերգը: Նա հիշեցրել է, որ Ուելսում գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշել են 10 տարում ՀՆԱ-ի 2%-ի չափով մեծացնել պաշտպանական ծախսերը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները սեպտեմբերի 5-ին Ուելսում գագաթնաժողովի ժամանակ ծրագիր են ընդունել՝ մեծացնելու դաշինքի հավաքական պաշտպանությունն ուժեղացնելու ծախսերը, և պայմանավորվել են ստեղծվող արագ արձագանքման ուժերի պարամետրերի հարցում: