Մեքսիկայի Գերերո նահանգի ուսանողները երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին 6 օր են տվել, որպեսզի վերջինս հրաժարական ներկայացնի: Այստեղ մոտ 2 ամիս է՝ անհետ կորել են 43 ուսանողներ: Այս մասին գրում է Proceso պարբերականը:
Կիրակի օրը ուսանողները Գերերո նահանգի վարչական կենտրոնում՝ Չիլպանսինգո քաղաքում, մի քանի ժամով գրավել են երկու ռադիոկայաններ: Նրանք եթեր են դուրս եկել՝ հնչեցնելով իրենց պահանջները:
Ուսանողների առաջնորդներից մեկը հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին լրանում է երկու ամիսը, ինչ Իգուալայում ուսանողներն անհետացել են: Նրա խոսքերով՝ այդ ամբողջ ընթացքում ուսանողների ճակատագրի և կատարած հետախուզական աշխատանքների մասին իշխանությունները հնչեցնում են միայն սուտ:
Ուսանողները նախագահին 6 օր են տվել՝ հրաժարականի մասին հայտարարելու համար: Հակառակ դեպքում նրանք խոստանում են ուժեղացնել բողոքի ակցիաները ողջ երկրում: