Բըրբենքի բնակիչ 40-ամյա հայազգի Արտյոմ Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել հրաձգության գործով առաջադրված մեղադրանքով: Նա 34-ամյա Էրիկ Աղասյանին հրազենային բազմաթիվ վնասվածքներ էր հասցրել՝ նրան թողնելով ծայրահեղ վիճակում: Կրակոցներն արձակվել էին չորեքշաբթի, զոհի տան մոտ՝ Գլենդելում: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը՝ հղում անելով իշխանություններին:
Մարտիրոսյանի դեմ առաջադրվել են սպանության փորձի, հրազենով հարձակման և քրեական սպառնալիքներ տեղալու մեղադրանքներ:
Մինչ դեպքի վայրից հեռանալը՝ Մարտիրոսյանը սպառնացել է սպանել Աղասյանի՝ հրաձգությանը ականատես կնոջը:
Աղասյանը մի շարք վիրահատությունների է ենթարկվել, նա դեռևս շարունակում է հիվանդանոցում մնալ:
Ոստիկանությունը փորձում է պարզել դրդապատճառը: Շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ Մարտիրոսյանը և Աղասյանը պոտենցիալ բիզնես-գործընկերներ էին:
Մարտիրոսյանը դատարանի առջև կկանգնի հաջորդ ամիս:
Նրան կալանավորել են առանց գրավի դիմաց ազատ արձակման հնարավորության, քանի որ դատախազների կարծիքով՝ նա սպառնալիք է ներկայացնում հանրային անվտանգությանը: