Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեմ է արտահայտվել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
Այս մասին նա հայտարարել է Spiegel online-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը՝ նոյեմբերի 23-ին: Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայի և ալյանսի միջև հնարավոր են գործընկերային հարաբերություններ, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսք չկա:
Շտայնմայերը կարծում է նաև, որ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունը չի կայանա նույնիսկ բավականին երկար հեռանկարում: Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Կիևը պետք է տնտեսական և քաղաքական բարեփոխումներ անցկացնի: Նախարարն ընդգծել է, որ դա նախագիծ է, որի վրա պետք է աշխատի ուկրաինացիների մի քանի սերունդ: Դրա հետ կապված՝ Շտայնմայերը առաջարկել է հրաժարվել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցելու վերաբերյալ սպեկուլյացներից:
Գերմանացի քաղաքական գործիչը անհանգստություն է հայտնել, որ ռուսական իշխանությունները կշարունակեն նպաստել Ուկրաինայի մասնատմանը:
«Ուկրաինայի արևելքում դեռ ոչինչ որոշված չէ»,- ընդգծել է Շտայնմայերը: Նրա խոսքով՝ նա հիմնվում է Կրեմլի հայտարարությունների վրա այն մասին, որ Ռուսաստանը մտադիր չէ խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Սակայն Շտայնմայերը հավելել է, որ առայժմ իրադարձություններն այլ սցենարով են զարգանում: Չնայած դրան՝ Գերմանիայի ԱԳ նախարարը դեմ է Կրեմլի հետ բանակցությունները դադարեցնելուն: