«Ես հիմա չեմ կարող ասել, որովհետև շատ շուտ եք հարցնում, բայց ինչու չէ, կարող է նաև գնան: Բայց դա հիմնականում կառավարության ողջունելի քայլն է՝ ուղղված սահմանամերձ գյուղերին, որն ունի շատ դրական նշանակություն»,- սահմանային գյուղերին արտոնություն տալու նախագծի և մեծահարուստների՝ այնտեղ այցելելու ցանկության վերաբերյալ հարցին պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, որ լավ հնարավորություն է սահմանամերձ գյուղերում բիզնես հիմնելու համար, պատգամավորը պատասխանեց. «Եթե ազնիվ մղումներով, առանց օրենքը խախտելու լինի, ես կողջունեմ, բայց եթե մարդիկ գնալու են այնտեղ չարաշահելու արտոնությունները, որ տրված է սահմանամերձ գյուղերի բնակիչներին, կատեգորիկ դեմ եմ»:
Պատգամավորի համոզմամբ՝ այս կառավարության քայլերը, ի տարբերություն նախորդի, դրական են:
«Իհարկե, չի կարող 100%-ով ապահովել այն նպատակները, որոնք մենք ունենք, բայց ամեն մի դրական քայլ պետք է ողջունվի ոչ միայն մեր, այլ ամբողջ հասարակության կողմից»,- մատնանշեց Հարությունյանը: