ԱՄՆ-ը ծրագրում է Իրաքում ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման դեմ պայքարում զինել ոչ միայն կանոնավոր բանակի ստորաբաժանումներին և քուրդ աշխարհազորայիններին, այլև սուննի ցեղերի ջոկատներին` նրանց համար գնելով AK-47 հրացաններ, ականանետներ ու նռանականետներ: Սրա հետ կապված` Պենտագոնը համապատասխան փաստաթութը Կոնգրես է հղել, ինչպես նաև տեղակայել է ԱՄՆ կառավարության կայքում, գրում է TASS-ը:
Ըստ փաստաթղթի` ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Իրաքում սուննի ցեղերին մտադիր է մատակարարել 24 մլն դոլարի զենք: Դա, սակայն, ընդհանուր ռազմական օգնության ընդամենը մի փոքր մասն է, որը կցուցաբերվի իրաքցիներին` իսլամիստների դեմ պայքարում: Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նախատեսում է այդ ծրագրի վրա 1.618 մլրդ դոլար ծախսել:
Ամերիկացի զինծառայողները կարծում են, որ իսլամիստներից տուժած Իրաքի սուննիները պատրաստ են մարտական գործողություններ վարել, եթե ստանան զենքի անհրաժեշտ քանակություն: Նրանք կարող են արդյունավետ ուժ դառնալ, առավել ևս, որ պետք է պայքարեն իրենց տարածքի և ժողովրդի համար, համարում է Պենտագոնը:
Փաստաթղթում ասվում է, որ ցեղերի զինված խմբավորումները «կարող են հիմք հանդիսանալ Իրաքի ազգային գվարդիայի համար»: