Սուրբ Կույս Մարիամին նվիրված տոներից մեկը Երեքամյա Սուրբ Մարիամ Աստվածածնի` տաճարին ընծայման տոնն է, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները նշում են նոյեմբերի 21-ին:
Ըստ ավանդության` Սուրբ Տիրամոր երեք տարին լրանալուց հետո նրա աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Ս. Հովակիմն ու Ս. Աննան, իրենց ուխտի համաձայն, Սուրբ Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:
Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որը Հուստինիանոս կայսրը Սուրբ Մարիամ Աստվածածնի պատվին կառուցել է հին հրեական տաճարի տեղում, Մորիա բլրի վրա:
Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, և դրանից հետո տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Սուրբ Աստվածածնի ընծայման տոնը Հայ եկեղեցի մուտք է գործել 18-րդ դարում: Երեքամյա Սուրբ Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական եկեղեցու անշարժ տոներից է: