Ուկրաինայի, Մոլդովայի կամ Վրաստանի նկատմամբ ագրեսիան Ռուսաստանի արձագանքն է Եվրոպայի հետ այդ երկրների մտերմանալուն: «Ռադիո Սվոբոդա»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է պաշտոնական այցով Պրահայում գտնվող Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թամարա Բերուչաշվիլին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ամբողջ Եվրոպայի համար:
«Ես համոզված եմ, որ Ռուսաստանն այսօր ընդհանուր վտանգ է ներկայացնում: Նա լուրջ մարտահրավեր է ոչ միայն Վրաստանի, այլև եվրոպական մայրցամաքի համար»,- ասել է նա:
Ըստ Բերուչաշվիլիի՝ «Ռուսաստանը հանդես է գալիս միջազգային իրավական կարգի դեմ, որը երկար տարիներ չի խախտվել, և իրավահավասար երկրների դեմ, որոնք ընտրել են սեփական զարգացման իրավունքը»:
Նա նշել է, որ Ռուսաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը սպառնում է ամբողջ արևելաեվրոպական տարածաշրջանին: