Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ֆերարի»-ն պաշտոնապես հայտարարել է իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյի հետ պայմանագիրը խզելու ու Սեբաստիան Ֆետելի հետ պայմանագիր կնքելու մասին: Ալոնսոն նշել է.
«Այսօր սովորական օր չէ ինձ համար: Դժվար էր կայացնել այս որոշումը, բայց մանրակրկիտ մտածել եմ ամեն ինչի մասին: Ես միշտ հաջողակ եմ եղել այն առումով, որ ինքս եմ կայացրել ապագայիս վերաբերյալ որոշումները:
«Ֆերարի»-ից հեռանում եմ 5 տարվա համագործակցությունից հետո: Միշտ թիմի հետաքրքրությունները բարձր եմ դասել սեփական հավակնություններից: Հպարտ եմ այն ամենի համար, ինչի հասել եմ այս թիմում:
Հիմա մեծ հետաքրքրությամբ նայում եմ դեպի ապագա ու գիտակցում, որ սրտիս մի մասը միշտ կպատկանի «Ֆերարի»-ին: Վստահության համար շնորհակալ եմ բոլորին»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերում է «Ֆերարի»-ի պաշտոնական կայքը: