Դերասան Վահագն Սիմոնյանը (Պոնչո) «Ուրիշի փոխարեն» ֆիլմում մարմնավորել է գործարանի աշխատակից Համոյին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացնելով կատակերգությունում իր մարմնավորած հերոսին՝ դերասանն ասաց, թե իր հերոսը «հին մարդ է՝ իր սկզբունքներով, օրենքներով ապրող, որը մի քիչ այսօրվա ժամանակակից կյանքին համապատասխան չէ»:
Ֆիլմի ժանրին անդրադառնալով՝ դերասանը նշեց, որ այն օգնում է մարդուն առօրյա հոգսերից կտրվել, օգնում է մարդուն ապրել, ու արվեստը կոչված է օգնելու մարդկանց ապրել, այլ ոչ թե գրգռելու: «Մարտաֆիլմը լրիվ ուրիշ ինֆորմացիա է տալիս մարդուն, բայց կատակերգությունն ասում է՝ թեթև ապրեք»,- ասաց Վահագն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա դերասանը հետևել է մոնտաժման աշխատանքներին: «Աստծուց առաջ չընկնենք, ինձ թվում է՝ հաջողվել է»,- ասաց դերասանը:
«Ճիշտ է, երիտասարդներ են բոլորը, ռեժիսորի էլ առաջին ֆիլմն է, ես չէի սպասում, որ այսքան լուրջ կարող են աշխատել, այսքան հավեսով: Ինձ համար այսօր տոն է, որովհետև ամեն մի բան, որ ծնվում է, արդեն լավ է: Ուրեմն, ինչ-որ մի բան շարժվում է, ինչ-որ մի բան կատարվում է: Ավելի լավ չէ՞՝ մի բան կատարվի, քան ոչինչ չկատարվի»,- ասաց Վահագն Սիմոնյանը:
Ավելին՝ տեսանյութում։