Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը գնահատել է իր ելույթը 2014թ. և կարծում է, որ Նովակ Ջոկովիչն արժանիորեն է տարին եզրափակում վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում:
«Անհամբեր սպասում եմ 2015թ.: Այս մրցաշրջանը գերազանց էր ինձ համար: Հիանալի խաղ ու կայունություն ցուցադրեցի ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Խաղում էի ագրեսիվ: Կարծում եմ՝ այս հանգամանքը հաջորդ մրցաշրջանում ինձ լրացուցիչ վստահություն կհաղորդի:
Նովակը կայուն մրցաշրջան անցկացրեց: Սկզբում նա ստիպված էր լուրջ պայքար մղել, քանի որ չկարողացավ պահպանել Australian Open-ի հաղթողի կոչումը: Մեծ խաղերում նա շատ ուժեղ էր: Նա բոլորից կայուն խաղաց ու լուրջ մրցանակներ նվաճեց:
Ջոկովիչն արժանիորեն է տարին եզրափակել առաջին ռակետի կարգավիճակում»,- Ֆեդերերի խոսքերը մեջբերում է ATP-ի պաշտոնական կայքը: