Ռուսաստանը 28%-ով կրճատել է գազի մատակարարումը Սերբիա պարտքի պատճառով, որը, հոկտեմբերի 30-ի տվյալներով, կազմում է 224 մլն դոլար: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Սերբիայի լեռնահանքային արդյունաբերության և էներգետիկայի նախարար Ալեքսանդր Անտիչը:
«Վերջին շաբաթում մենք «Գազպրոմ էքսպորտի» կողմից 28%-ով մատակարարումների նվազում ունենք: Բայց բոլոր այդ օրերին գազամատակարարման մեր համակարգը լրիվ նորմալ է գործել, որովհետև մենք բավականաչափ գազ ունեինք ռուսական աղբյուրներից, տեղի արտադրությունից, նաև պակասող քանակը մասամբ լրացնում էինք «Բանատսկի դվոր» գազապահեստարանից»,- ասել է Անտիչը:
Անդրադառնալով Սերբիայի գազային պարտքին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ կողմերն «ընդհանուր լեզու կգտնեն»:
Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ Սերբիան կմարի պարտքի մոտ 100 մլն դոլարը: «Պարտքի մնացած մասի վճարման դինամիկայի մասին մենք կպայմանավորվենք»,- նշել է նախարարը: