Բրիտանական դատարանը լիբիացի իսլամիստների առաջնորդներից մեկին՝ Աբդելհաքիմ Բելհաջին, թույլատրել է հայց ներկայացնել Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ նրա համար, որ 10 տարի Լոնդոնի և Վաշինգտոնի հատուկծառայություններն իրեն ու իր կնոջն առևանգել են ու հանձնել Լիբիայի իշխանություններին, որն այդ ժամանակ ղեկավարել է Մուամար Քադաֆին: Հիմա Բելհաջն ու նրա կինը Բրիտանիայի կառավարությունից նյութական փոխհատուցում են պահանջում տառապանքների ու կտտանքների համար, որոնց, իրենց պնդմամբ, ենթարկվել են Լիբիայում բանտարկված ժամանակ, հայտնում է TASS-ը:
2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իշխանություններն ամբողջ աշխարհում «Ալ-Քաիդայի» հետ կապերի համար կասկածվողներին առևանգել են ու հանձնել Եգիպտոսի, Հորդանանի, Լիբիայի և Սիրիայի կառավարություններին:
Բելհաջի խոսքով՝ 2004թ. իրեն ու իր կնոջը Թաիլանդում ձերբակալել են ԱՄՆ հետախուզության աշխատակիցները: Նա հայտարարում է, որ բրիտանական հատուկծառայությունները մասնակցել են իր առևանգման գործողությանը:
ԱՄՆ հատուկծառայությունները Բելհաջին անօրինաբար դուրս են տարել Թաիլանդից և փոխանցել Լիբիայի իշխանություններին: Այնտեղ նա բանտարկված է եղել 6 տարի: 2010թ. Լիբիայի կառավարությունը Բելհաջին համաներմամբ ազատ է արձակել: