«Արմավիր» քրեակատարողական նոր հիմնարկի շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել, այն դեպքում, երբ արդարադատության նախարարության կողմից մի քանի անգամ հայտարարված շինարարության վերջնաժամկետները վաղուց անցել են: Վերջին անգամ նախարարությունը որպես շինարարության ավարտ նշել էր հոկտեմբեր ամիսը, որն այսօր ավարտվում է, իսկ աշխատանքները դեռ շարունակվում են:
«Ինչպես ցանկացած շինարարություն, այնպես էլ այս շինարարությունը, որն իր էությամբ բավականին բարդ է, քանի որ, ի տարբերություն սովորական շենքային համալիրների, այստեղ անվտանգության և լրացուցիչ այլ խնդիրների հետ կապված պահանջներ կան, ստիպում է լիարժեք համոզվելու, որ ամեն ինչ նորմալ է, և նոր շահագործել: Քանի որ սա շատ նուրբ և վտանգավոր թեմա է, մենք չենք կարող 10-15 օր շուտ բացումն անելու պատճառով վտանգել անվտանգությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախարարը:
Մեր դիտարկմանը ի պատասխան, թե նախապես՝ վերջնաժամկետ հրապարակելիս, հաշվի չէի՞ն առնվել այդ բաղադրիչները, Հովհաննես Մանուկյանը նկատեց. «Մարդն Աստված չէ: Մարդը պլանավորում է, բայց չի կարող ամեն ինչ մինչև վերջ հաշվարկել»:
Ամեն դեպքում, նախարարի խոսքով՝ «Արմավիր» ՔԿՀ-ի դեպքում բավականին բարելավում կնկատվի քրեակատարողակա հիմնարկների գերբեռնվածության հարցում: «Մոտ 400 դատապարտյալ մենք կունենաք առաջին կորպուսում, ինչը նշանակում է՝ մոտ 10 տոկոսով ծանրաբեռնվածության անկում կունենանք, իսկ երկրորդ և երրորդ կորպուսների շահագործման դեպքում, որը տեղի կունենա առաջիկա 2 տարվա ընթացքում, մոտավորապես 30 տոկոսով կթեթևանա մյուս ՔԿՀ-ների աշխատանքը»,- հավելեց նախարարը:
Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ եթե առաջիկայում՝ եկող տարվա սկզբին կամ 2016-ի հունվարից, ներդրվի ու սկսի աշխատել նաև պրոբացիոն ծառայությունը, լուրջ իրավիճակի փոփոխություն կարելի է արձանագրել, քանի որ աշխարհի շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ պրոբացիոն ծառայության ակտիվ և էֆեկտիվ կիրառման պարագայում մոտ 25-30 բեռաթափում է տեղի ունենում և դատապարտյալների ծավալների կրճատում: