Կաթոլիկ եկեղեցին կոչ է արել անվանափոխել Հելոուինը և այն կոչել Հոլիվին: Դրա հետ միասին՝ առաջարկվում է երեխաների ավանդական դարձած՝ կոնֆետների համար հարևաններին այցելությունները փոխարինել աղոթքներով, իսկ դևերի և կմախքների կոստյումները՝ սրբերի հագուստներով: Այս մասին գրում է Mail Online-ը:
Էկզորցիստների միջազգային ասոցիացիայի հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել հանգստյան օրերին՝ Հռոմում, Հայր Ալդո Բուոնաուտոն ասել է, որ Հելոուինից առաջ դիվային մոլեգնությունը մեծանում է: Նրա խոսքերով՝ տոնի նախօրեին էկզորցիստների կազմակերպության արտակարգ ծառայություն օրական ստացվում է մոտ 40 զանգ՝ հիմնականում այն ծնողներից, որոնք վախենում են, թե իրենց երեխան գերբնական աղանդների զոհ է դարձել:
Հոգևոր սպասավորի խոսքով՝ Հելոուինի մեջ ոչ մի անմեղ կամ զվարճալի բան չկա, այդ օրը տեղի են ունենում շատ չար ծեսեր, կենդանիների զոհաբերություններ, գերեզմանների պղծում, ինչպես նաև գողանում են սրբերի ոսկորները: