Ֆրանսիան պայմաններ չի տեսնում Ռուսաստանին «Միստրալ» տեսակի ուղղաթիռակրի փոխանցման համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ֆինանսների նախարար Միշել Սապենին:
Նրա խոսքով՝ ուղղաթիռակրի փոխանցման համար պայմանը իրավիճակի կայունացումն է Ուկրաինայում:
Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Ռոսօբորոնէքսպորտի» ներկայացուցիչների հրավերի լուսանկարը նոյեմբերի 14-ի ամսաթվով՝ Ռուսաստանին «Միստրալ» տեսակի առաջին ուղղաթիռակրի («Վլադիվոստոկ») հանձնման և երկրորդի («Սևաստոպոլ»)՝ ջուրն իջեցնելու առիթով:
Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է, որ «Միստրալներին» առնչվող պայմանագիրը կախյալ վիճակում է, սակայն չեղյալ հայտարարված չէ: Ուղղաթիռակիրը կառուցող STX ընկերությունում հայտնել են, որ նավը լիովին պատրաստ է հանձնման:
Նշենք, որ վերջին երկու ամիսներին «Վլադիվոստոկ» ուղղաթիռակրի հանձնման ամսաթվի մասին տեղեկատվությունը մշտապես փոխվում է: Հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ վերջնական որոշումը կընդունվի նոյեմբերին:
2014-ի մարտից սկսած ԱՄՆ-ը բազմիցս կոչ է արել Ֆրանսիային՝ չեղյալ հայտարարել գործարքը:
1.2 մլրդ եվրո արժեքով գործարքը կնքվել է 2011 թվականին: