ԱՄՆ-ում շունն օգնել է թմրանյութերի դեմ պայքարող ոստիկաններին՝ ձերբակալել իր տիրոջը, հայտնում է Associated Press-ը:
Ոստիկանության ներկայացուցիչ Պաուլա Բարլոուն պատմել է, որ երբ սպաները Էդվին Հենդերսոնի տուն են եկել խուզարկության հրամանով, նա փորձել է փախչել: Ոստիկանները սկսել են հետապնդել, սակայն կասկածյալին ձերբակալել հաջողվել է Բո անունով նրա շան օգնությամբ:
Շունը նույնպես վազել է տիրոջ հետևից և մատնել նրա գտնվելու վայրը, երբ նա թաքնվել է բարձր խոտերի հետևում:
Բարլոուն հայտնում է, որ Հենդերսոնը մեղադրվում է ոստիկանության աշխատակիցների պահանջներին չենթարկվելու, թմրամիջոցներ պատրաստելու, պահելու և օգտագործելու համար: