Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

«Բա ինձ բարև չկա՞, արա՛». 14-ամյա վանաձորցին իրեն չբարևելու համար դանակահարել է 16-ամյա բռնցքամարտիկին

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Նվեր Կ.-ի գործով բերված բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

Ե՛վ ամբաստանյալ Նվերը, և՛ տուժող Պետրոսը անչափահասներ են:

Հանցագործության՝ դանակով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու պահին Նվերը 14 տարեկան էր՝ 29 օր առաջ էր դարձել 14 տարեկան:

Նա ծնվել է 2000 թվականի հունվարի 1-ին ու դեպքի պահին սովորել է Վանաձորի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում:

Դեպքից հետո՝ 2014 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը անչափահաս Նվերը ձերբակալված է եղել, ապա որպես խափանման միջոց ընտրվել է ծնողի հսկողությանը հանձնելը: Նվերը, ինչպես դատական ակտում է գրված, բնակվում է «մայր ծնողի հետ»:

Ընդհանուր իրավասության դատարանում տասնչորսամյա ամբաստանյալն ընդունել է, որ դանակով հարվածել է տասնվեցամյա Պետրոսին, բայց առաջադրված մեղադրանքում՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, իրեն մեղավոր չի ճանաչել:

Հայտնել է, թե ինքը գործել է ինքնապաշտպանության սահմաններում:

Ըստ Նվերի՝ 2014 թվականի հունվարի 29-ին, ժամը 19-ն անց 20 րոպեի սահմաններում իր ընկերներ Էդիկի ու Հայկազի հետ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգի փողոցով գնացել է դեպի «Թթու ջուր»:

Ճանապարհին հանդիպել են եղբայրներ Պետրոսին և Խաժակին ու նրանց ընկերոջը:

Միմյանց սկսել են ձեռքով բարևել:

Սակայն Խաժակը իր բարևին չի արձագանքել, ձեռքը չի պարզել, ու իր ձեռքը մնացել է օդի մեջ:

Տեսնելով, որ նա իր բարևը չի առնում, ինքն ասել է. «Բարև, արա՛»:

Իրեն պատասխանել է Խաժակի եղբայր Պետրոսը. «Էդ ո՞ւմ ես «արա» ասում»:

Իրենք վիճել են: Պետրոսը, իր համար անսպասելի, աջ ձեռքի բռունցքով հարվածել է իր դեմքին: Իր աչքի հատվածում վնասվածք է առաջացել:

Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ինքը հազիվ է իրեն պահել, որ վայր չընկնի: Ընկերը մոտեցել է, որ տեսնի՝ իր աչքին ինչ վնաս է եղել:

Այդ ընթացքում Պետրոսն ու Խաժակը մոտեցել ու սկսել են իրեն ծեծել: Իր բաճկոնի գլխանոցը քաշել են գլխին, այդ վիճակում իրեն հարվածներ են հասցրել, որից հետո ինքը ոչինչ չի հիշում:

Նախաքննական ցուցմունքում Նվերն ընդունել է, որ երբ իր կանչով Պետրոսը վազելով մոտեցել է իրեն, ինքն ընդառաջ է գնացել, գրպանից հանել իր մոտ եղած դանակը, աջ ձեռքը տարել է Պետրոսի մեջքի կողմն ու իրեն պաշտպանելու համար հարվածել է նրա մեջքին, քանի որ կարծել է, թե իրեն մոտենալով՝ Պետրոսը պիտի նորից ուժգին հարվածներ հասցնի:

Տուժող Պետրոսը հայտնել է, թե իր եղբայրը չի նկատել Նվերի պարզած ձեռքը, դրա համար ձեռքը չի մեկնել բարևելու: Նվերը դիմել է նրան. «Բա ինձ բարև չկա՞, արա՛»: Խաժակն ասել է, թե մյուսներին բարևի վերջացնի, Նվերին էլ կբարևի:

Ինքը միջամտել է ու ասել, որ Նվերն իր եղբորը «արա» չասի, կարգին խոսի: Այդ պատճառով են վիճել, քաշքշել իրար: Նվերը հայհոյել է, ինքը բռունցքով խփել է նրա աչքին:

Նվերն աչքը բռնել է ու պպզել: Հետո կանչել է իրեն ու ասել. «Պատասխան ես տալու խփածիդ համար»:

Նվերը հայհոյել է, ինքը զայրացել ու փորձել է մոտենալ նրան: Եղբայրն ու ընկերը չեն թողել: Նվերին էլ նրա հետ գտնվողներն են հետ պահել:

Բայց նրա հայհոյանքներից ինքն այնքան է զայրացել, որ մոտեցել է, նա էլ է մոտեցել: Ինքը նկատել է, որ նա աջ ձեռքը պահում է մեջքի կողմում:

Հետո նրա ձեռքին նկատել է դանակը ու հարցրել է՝ ուզում ես դանակով խփե՞ս: Նա էլ ասել է՝ հա, դանակով եմ խփելու:

Ինքը փորձել է տարբեր հնարքներով նրան խանգարել, բայց նա դանակով խփել է իր մեջքին ու ընկերոջ հետ փախել է:

Դանակը մեջքի մեջ խրված էլ իրեն տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկներն են իր մարմնից հանել դանակը: Այն առգրավվել է որպես հանցագործության գործիք:

Տուժողի օրինական ներկայացուցիչը՝ Պետրոսի տատիկն ասել է, թե Նվերից պահանջ ու բողոք չունեն, կարծում է՝ «երեխաներ են, երեխայություն են արել»:

Ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչել անչափահաս Նվերին, վերջին հաշվով դատապարտել է 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկման, ապա նրա նկատմամբ կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել 2 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրանքը պաշտպանող դատախազ Ռ. Մինասյանը՝ պահանջելով խստացնել անչափահաս տղայի նկատմամբ նշանակված պատիժը:

Վերաքննիչ դատարան Նվերը եկել էր իր օրինական ներկայացուցչի՝ մայրիկի, և իր շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ս. Մխիթարյանի հետ:

Դատարանի դահլիճում ամբաստանյալ պատանին նստեց մոր ու պաշտպանի մեջտեղում:

Ցավալի էր ամբաստանյալի տեղում տեսնել պատանեկան դեմքով տղային: Թվում էր՝ ամբաստանյալի աթոռը վերածվել է աշակերտական նստարանի:

Նվերը փոքրամարմին, նիհար, գունատ դեմքով տղա է, մազափունջը ճակատին՝ մինչև աչքերը: Սանրվածք կա, որ մարդու ոչ միայն ճաշակը, նաև մտածողությունն է ի ցույց հանում: Այնպես որ Նվերն իր մտածելակերպը փոխելու փորձ անելու դեպքում նաև սանրվածքը պիտի փոխի…

Նիհարիկ տղային դժվար էր պատկերացնել դանակահարողի, ծանր մարմնական վնասվածք պատճառողի դերում: Բայց նա եղել է այդ դերի մեջ, ու քրեական գործում ի մի բերված փաստերն արդեն անփոփոխելի են:

Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով իր բողոքը՝ մեղադրողն ընդգծեց, որ ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալ Նվերի նկատմամբ նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ:

Ընդհանուր իրավասության դատարանում մեղադրողը միջնորդել է Նվերին դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման: Դատարանը Նվերին 3 տարի ազատազրկման է դատապարտել: Վեց ամիսը մեղադրողի համար այն «վճռական» ժամկետն է, որի բացակայության դեպքում ազատազրկված Նվերը չի հասցնի ուղղվել: Իսկ որ առաջին ատյանի դատարանը ոչ միայն վեց ամիս պակաս էր ազատազրկել տղային, այլև պայմանական դատապարտություն էլ էր կիրառել ու սահմանել փորձաշրջան, մեղադրողը այս գործի պայմաններում միանգամայն անթույլատրելի է համարում:

Մեղադրողը նշեց, թե Նվերն ինքն է հրահրել կռիվը, իսկ դա նրան ազատազրկելու համար լուրջ հանգամանք է: Մեղադրողը շատ հպանցիկ, թեթևասահ անցավ այն հանգամանքի վրայով, որ տուժողը առաջինն է հարվածել իրենից 2 տարի փոքր, իրենից ֆիզիկապես թույլ Նվերին:

Բռնցքամարտով զբաղվող լինելով՝ Պետրոսը ուժգին հարվածել է Նվերի աչքին:

Բայց մեղադրողը միայն հիշատակեց, որ այդ հարվածից հետո տուժողը կամովին բացել է բռունցքը ու ցանկացել է հեռանալ, նրան Նվերը հետ է կանչել:

Տուժողը տեսել է Նվերի ձեռքի դանակը, հարցրել է՝ դանակո՞վ ես խփելու: Նվերն էլ հաստատակամ ասել է՝ հա:

Մեղադրողը Նվերի պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք դիտեց այն, որ դանակով տուժողին խփելուց հետո նա փախել է, չի մնացել և օգնություն ցույց չի տվել դանակահարվածին, ում կողքին այդ պահին նրա եղբայրն ու ընկերն էին:

Մեղադրողը այնքան մեղադրական էր տրամադրված, որ 14-ամյա տղայի վարքագիծը դեպքի պահին անվանեց «սանձարձակ վարքագիծ» և պնդեց, որ տուժողին դանակով հարվածելու ոչ մի իրական պատճառ չկար:

«Արդարացի չէ այս պայմաններում Նվեր Կ.-ին դատապարտել 3 տարի ազատազրկման, հետո էլ պայմանական դատապարտություն կիրառել: Մեղսագրված հոդվածով մինչև 7 տարի ազատազրկում է նախատեսված այս արարքի համար»:

Ընդհանուր իրավասության դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ նշել է, թե նա նախկինում դատապարտված, արատավորված չի եղել:

Մեղադրողը տարակուսեց. «Ե՞րբ հասցներ ամբաստանյալը արատավորվել, եթե 29 օր առաջ էր դարձել 14 տարեկան…»: Նախկինում արատավորված չլինելը որպես մեղմացուցիչ հանգամանք վճռաբեկ դատարանը, ըստ մեղադրողի, մեկ գործով է թույլատրելի համարել, այն էլ՝ ամբաստանյալը եղել է 78 տարեկան ծերունի, ու գնահատելի է եղել, որ այդքան տարի մարդն ապրել է առանց արատավորվելու:

Առաջին ատյանի դատարանը հաշվի էր առել նաև, որ Նվերը դրական բնութագիր ունի: Մեղադրողը դրան էլ համաձայն չէր: Նա նշեց, որ «շաբլոնային» դրական բնութագրեր բոլորին են տրվում, դա դարձել է «արատավոր պրակտիկա»:

Մեղադրողը նշեց, որ ամբաստանյալ տղան տուժողին դանակահարելուց հետո ոչ միայն փախել է, օգնություն չի ցուցաբերել, այլ նաև ընկերոջ հարցին, թե ինչո՞ւ դանակահարեց, պատասխանել է՝ լավ եմ արել:

Մեղադրողը եզրակացրեց, որ ամբաստանյալի պատասխանից ստացվում է, որ նրան խփող յուրաքանչյուր անձ նրա կողմից պիտի դանակահարվեր…

Մեղադրողն ընդգծեց, որ Լոռու մարզում մեծ տարածում է ստացել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանցատեսակը: Նրա կարծիքով՝ միայն ավելի խիստ պատժողական քաղաքականությունը կնպաստի հանցատեսակի տարածման դեմ պայքարելուն:

Մեղադրողը միջնորդեց պատժի մասով բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Նվեր Կ.-ին դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն չկիրառել:

Դատարանը հիշեցրեց մեղադրողին, որ դատարանում ստացված բողոքի եզրափակիչ մասում մեղադրողը չի նշել՝ «առանց պայմանական դատապարտության կիրառման» արտահայտությունը, իսկ վերաքննիչ դատարանը գործը քննում է միայն բերված բողոքի շրջանակներում:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Մխիթարյանը կետ առ կետ անդրադարձավ մեղադրողի հիմնավորումներին:

Պաշտպանն ընդգծեց, որ մեղադրողը դեպքի հանգամանքները լրիվ չներկայացրեց: Տուժողն ու իր եղբայրը միջադեպի սկզբում անխնա ծեծել են Նվերին: Նրանք ընդհանուր իրավասության դատարանում ընդունել են այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ իրենք երկար տարիներ մարզվել են, եղել են լավ մարզավիճակում: Նրանք չեն ժխտել, որ Նվերին ծեծելու ժամանակ նրա նկատմամբ մարտական հնարքներ են կիրառել: Ընդունել են նաև, որ դեպքից որոշ ժամանակ առաջ իրենց միջև մի փոքրիկ առճակատում էլ է եղել…

Նրանց հետ երրորդ անձ էլ է եղել: Դեպքի պահին Նվերին ծեծել են երեքով: Պաշտպանը շեշտեց, որ փոքրամարմին, ֆիզիկապես թույլ Նվերի համեմատ տուժողը, նրա եղբայրն ու ընկերը անհամեմատ ուժեղ են եղել, բացի այդ՝ Նվերին ծեծել են երեքով, Նվերի ընկերները կռվին չեն միջամտել:

Քրեական գործով տուժողի եղբոր նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ նրա դեմ բողոքի բացակայության հիմքով, իսկ երրորդ անձնավորության գործողություններում էլ նախաքննական մարմինը չի կարողացել ապացուցել հանցակազմի առկայությունը:

Պաշտպանն անդրադարձավ մեղադրողի կողմից ամբաստանյալի դրական բնութագիրը «շաբլոնային» անվանելուն: Նա ասաց, թե նախաքննության սկզբից Նվերի դրական բնութագիրը քրեական գործում է: Մեղադրանքի կողմը ոչ մի քայլ չի կատարել այդ բնութագրի «շաբլոն», սխալ լինելը ապացուցելու, Նվերին բացասական բնութագրող փաստեր հայթայթելու համար:

Պաշտպանը ներկայացրեց արհեստագործական ուսումնարանի կողմից Նվերին տրված դրական բնութագիրը՝ նա բնութագրվում է որպես կարգապահ, հավասարակշռված տղա: Նշվել է, թե նա սովորում է ուժերի ներածի չափով, հատուկ ուշադրություն է դարձնում մասնագիտական առարկաներին: Մասնագիտությունն էլ փայտամշակության մեքենաների շահագործումն է:

Պաշտպանը զարմացավ. մեղադրողը առաջին ատյանի դատարանում միջնորդել է Նվերին դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման: Մի՞թե 3 տարի ազատազրկումը ակնհայտ մեղմ պատիժ է անչափահաս ամբաստանյալի համար: Մեղադրողը, ըստ պաշտպանի, չի հիմնավորել, թե հատկապես վեց ամիսը ինչո՞ւ էր պարտադիր՝ ամբաստանյալի պատիժը համաչափ համարելու տեսակետից:

Պաշտպանը ևս մի զարմանք արտահայտեց: Մեղադրողը շեշտում է, թե ամբաստանյալը դանակահարությունից հետո դիմել է փախուստի, չի օգնել տուժողին: «Այնպիսի տպավորություն է առաջանում, թե ամբաստանյալը վրաերթ է կատարել ու պատահարի վայրից փախել է: Նա վախեցած երեխա է եղել, փախել է՝ վախենալով, որ իրեն էլի կծեծեն, մնար, որ ծեծեի՞ն, չէ՞ որ տուժողը մենակ չէր: Նվերը ավելի վտանգավոր հետևանքներից խուսափելու համար է փախել…14 տարեկան վախեցած երեխան ի՞նչ օգնություն պիտի ցույց տար տուժողին…»:

Ըստ պաշտպանի՝ առաջին ատյանի դատարանը, Նվերի նկատմամբ պատիժ սահմանելով, արդարացիորեն հաշվի է առել տուժողի հակաիրավական, հակաբարոյական վարքագիծը դեպքի ժամանակ:

Պաշտպանը, որպես իր պաշտպանյալի դրական վարքագծի հիմնավորում, ասաց, որ դեպքից հետո բավական ժամանակ է անցել: Ազատության մեջ գտնվող Նվերը ոչ մի հակահասարակական արարք չի կատարել:

Պաշտպանը միջնորդեց մերժել մեղադրողի բողոքը, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ:

Նվերի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, ասաց, որ ինքը միայնակ մեծացնում է երեք երեխաներին: Սոցիալապես անապահով են. «Նպաստով ենք ապրում»: Ինքն ամուսնալուծված է, նախկին ամուսինը ոչ մի բանով նրանց չի օգնել: Մի որդին ծառայում է բանակում, ներկայումս իր հույսը, իր օգնականը Նվերն է:

Մայրը նշեց, որ իր որդու մոտ երբեք դանակ չի եղել, ինքը չի տեսել: Դեպքի ժամանակ Նվերի կողմից օգտագործված դանակը նրանը չի եղել, ընկերոջ դանակն է եղել: Այդ հանգամանքը պնդեց նաև Նվերը:

Մայրը խնդրեց մերժել մեղադրողի բողոքը, իր որդու նկատմամբ մեղմ վերաբերվել, նա հանգիստ երեխա է, հանցագործ չէ:

Ամբաստանյալ Նվեր Կ.-ն ևս միացավ պաշտպանին, խնդրեց մերժել մեղադրողի բողոքը: «Սխալվել, տենց բան եմ արել…»:

Պաշտպանը միջամտեց ու հավելեց, որ տուժողը հաշվառման մեջ է եղել ոստիկանությունում, իսկ ամբաստանյալը՝ ոչ:

Դատական նիստը վերջին «ակորդից»՝ դատավորների՝ խորհրդակցական սենյակ մտնելուց առաջ հետաձգվեց. դատարանը այլ նիստ էլ ուներ:

Անչափահաս ամբաստանյալի մայրը խնդրեց, որ հաջորդ նիստին թույլ տան՝ ինքը չներկայանա. «Սոցիալապես անապահով ենք, Երևան գալ-գնալը ինձ համար մեծ գումար է, էսօրվա համար էլ պարտք եմ արել, որ գամ-հասնեմ…»:

Դատարանը հնարավոր համարեց, որ տղայի մայրը հաջորդ նիստին չհասնի Երևան: Իսկ հաջորդ նիստը ու այս գործով վերաքննիչի որոշումը կլինեն նոյեմբերի 10-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում