«Ես կարծում եմ, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի տեղակայումը որևէ խնդիր չի առաջացնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև»,- այսօր «Հայաստան. աշխարհաքաղաքական հարաբերություններ» թեմայով կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:
Պատասխանելով հարցին, թե երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ինքը փոքր խնդիր էր որակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի տեղակայման հարցը, իսկապե՞ս այդքան աննշան հարց է, նա ասաց, որ շտապել է և ամբողջությամբ չի պատասխանել հարցին: Նա նշեց, որ չի կարող անտարբեր մնալ սահմանային կրակահերթերի առնչությամբ: Հստակեցումներից հետո, թե խոսքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետի տեղակայման մասին է, ասաց. «Ես կարծում եմ, որ դրա տեղակայումը որևէ խնդիր չի առաջացնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև, որովհետև, եթե ճիշտ եմ հասկանում, Հայաստանը միշտ հնարավորություն ունի իր հատուկ հարաբերություններն ունենալու ԼՂ-ի հետ: Զարմանալի կլիներ, որ Հայաստանն ասեր, թե ԼՂ-ի հետ է միանում: Ոչ մեկը չի կարող ստիպել Հայաստանին ԼՂ-ի հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնք Հայաստանին համապատասխան չեն: Բոլորին հասկանալի է, որ Հայաստանը ԼՂ-ի հետ ունի հատուկ հարաբերություններ: Սա տեխնիկական է ու ոչ քաղաքական»,- ասաց Միհրանյանը: