Կարևոր է, որ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը սկսել են հաճախ հանդիպել: Այս մասին այսօր, պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպես է գնահատում Փարիզում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպման արդյունքները, ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը:
Նա կարևորեց այն, որ կարծես նախագահները սկսում են ավելի հաճախ հանդիպել միմյանց: «Մեզ համար, բոլոր այն երկրների, որոնք Մինսկի խմբից դուրս են, խնդիր է հասկանալ, թե ինչպես կարելի է օժանդակել ՄԽ ջանքերին և օգնել, որպեսզի այս պահը շարունակվի»,- ասաց դեսպան Լիչը:
Հիշեցնենք, որ օրերս Փարիզի Մարինյի պալատում անցկացվեցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ վարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվեցին նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպման ժամանակ:
Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: