ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2015-ի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ներկայացրեց ԱԺ նախնական բյուջեն:
Նա նշեց, որ ֆինանսական փոփոխությունները հիմնականում վերաբերում են երկու հոդվածների՝ աշխատավարձերն են և էներգետիկ ծախսերը: Նախատեսված ընդհանուր բյուջեն չորս միլիարդ հինգ հարյուր վաթսունյոթ միլիոնի շրջանակներում է, ընդհանուր փոփոխությունները ավելացումները կազմում են 706միլիոն, որի իննսունհինգ տոկոսը վերաբերում են աշխատավարձին և էներգետիկ ծախսերին:
Ներկայացուցչական ծախսերից մեկը վերաբերում է Ցեղասպանության հարյուր ամյակին նվիրված միջոցառմանը, երկրորդը՝ Եվրոնեսթ արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովը՝ 2015-ի մարտին անցկացվելիք:
Նա տեղեկացրեց, որ ԱԺ նախագահի կողմից հաստատվել է հաստիքացուցակը, որը նախորդից 26 հաստիքով ավելի է:
«Տպավորություն չստեղծվի, որ ԱԺ-ում հաստիքներ են ավելացվել, պարզապես մենք ունեցել են 42 արտահաստիքային աշխատողներ, և ըստ էության ակնհայտ է դարձել, որ նրանց անհրաժեշտությունն ԱԺ-ում կա»,-հավելեց Հրայր Թովմասյանը՝ տարբերությունը պայմանավորելով դրանով: