Չինաստանի հովանու ներքո Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (Asian Infrastructure Investment Bank, AIIB) ստեղծումն ԱՄՆ-ը պետք է գնահատի որպես այն, որ Չինաստանը ներգրավվել է համաշխարհային կարգավորման մրցավազքին՝ առայժմ ինստիտուցիոնալ մակարդակով: Այս մասին գրում է The Foreign Policy-ն:
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը, որի ստեղծման մասին հուշագիր են ստորագրել Չինաստանն ու 21 ասիական երկրներ, ներդրումային ֆինանսական ինստիտուտ է, և ԱՄՆ մտավախությամբ կարող է Համաշխարհային բանկի այլընտրանք դառնալ: AIIB-ի նպատակներից է՝ Ասիական տարածաշրջանում անհրաժեշտ հեռահաղորդակցության, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումը և զարգացումը:
The Foreign Policy-ն գրում է, որ մի կողմից՝ ԱՄՆ-ը ինքն է մեղավոր այդպիսի մրցակցի ստեղծման համար: Վերջերս ԱՄՀ-ում որոշումներ ընդունելու հարցում Չինաստանի դերը չափազանց փոքր է եղել և ամենևին ոչ համարժեք համաշխարհային տնտեսության մեջ իր ներդրմանն ու ազդեցությանը: Միաժամանակ, ամերիկյան իշխանությունները ժամանակին որոշում չեն ընդունել բարեփոխել կառուցվածքը՝ հաշվի առնելով Չինաստանի տնտեսական կշիռը:
Մյուս կողմից՝ չի կարելի բացառել նաև, որ Չինաստանը ցանկացած դեպքում կստեղծեր Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը՝ ԱՄՆ-ին դուրս մղելու իր ծրագրի շրջանակներում: Բացի դրանից՝ Չինաստանը ակտիվորեն զարգացնում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Բազմակողմանի տարածաշրջանային տնտեսական գործընկերությունը» և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի գոտին` հիշեցնում է պարբերականը:
Չնայած հայտարարություններին, որ ԱՄՆ-ը ողջունում է Չինաստանի արագ զարգացումը՝ Վաշինգտոնը երբեք չի փորձել Պեկինին ներգրավել լուրջ միջազգային հարցերի լուծմանը, որոնցում վերջինս կարող էր սեփական կամքը դրսևորել և հակադրվել ամերիկյան կուրսին` նշում է պարբերականը:
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի ստեղծմամբ ԱՄՆ-ը ստիպված կլինի ընտելանալ, որ այլևս չի կարող հույս դնել իր բազմամյա գերակայությանն աշխարհում, որը խաղում էր իր կանոններով` գրում է The Foreign Policy-ն: