Թագավորական համալսարանում կատարված ուսումնասիրությանը 251 երեխաներ և դեռահասներ են մասնակցել: Նրանք բոլորը տառապել են զգացմունքային, վարքագծային խնդիրներից և զարգացման խախտումներ են ունեցել, գրում է Zee News-ը: Մասնակիցներին երկու խմբերի են բաժանել: 128 կամավորներ սովորական բուժում են անցել: 123 մասնակիցների, սովորական բուժումից բացի, երաժշտական թերապիա են նշանակել, գրում է meddaily.ru-ն:
Երաժշտական բուժում անցնող երեխաների մեջ գիտնականները ինքնագնահատականի զգալի բարելավում են նկատել, ինչպես նաև ընկճախտի նվազում այն երեխաների հետ համեմատած, ովքեր միայն ավանդական մեթոդներով են բուժվել: Դրանից բացի, երաժշտությամբ բուժվող երեխաների մեջ բարելավվել են շփման և ինտերակտիվ հմտությունները: Նախկինում անցկացված ուսումնասիրությունների համաձայն՝ այս արդյունքները երկար ժամանակ պահպանվում են:
Երաժշտական բուժումը հաճախ է կիրառվում երեխաների և երիտասարդների բուժման ընթացքում, սակայն սա առաջին անգամ է, երբ դրա արդյունավետությունը ապացուցվել է այսքան խոշոր ուսումնասիրության ընթացքում: