«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
– Տիկին Սարգսյան, ոչիշխանական Եռյակի վաղվա հանրահավաքից ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:
– Դա գործընթացի շարունակությունն է, որի մեկնարկը մենք արդեն տվել ենք հոկտեմբերի 10-ին: Եվ ես կարծում եմ, որ ժողովուրդը, ինչպես նաև քաղաքական ուժերն ու իշխանությունները հասկացել են, որ սա շարունակական գործընթաց է, որը, հուսով եմ, շատ երկար չի տևի: Ակնկալիքս Ազատության հրապարակում ավելի շատ ժողովուրդ տեսնելն է, և որ հանրահավաքն ամեն անգամ ավելի բազմամարդ դառնա, որի միջոցով մենք կկարողանանք ժողովրդի արդարացի պահանջները ներկայացնել և պահանջել դրանց լուծումները: Իսկ եթե իշխանությունը պատրաստ չէ դրան,- և տեսանելի է, որ պատրաստ չէ,- ուրեմն, ժողովուրդը կկայացնի իր քաղաքական որոշումը: Արդյունքում կարծում եմ, որ այս իշխանությունն այս իշխանությունների համար արդեն վտանգված է:
– Իսկ ժողովուրդն ի՞նչ կարող է ակնկալել հանրահավաքը կազմակերպողներից:
-Կարծում եմ, որ ժողովուրդն ակնկալում է շուտափույթ հաղթանակ, բայց միշտ չէ, որ չհաշվարկված քայլերով դու կարող ես լուրջ գործընթաց առաջ տանել և ժողովրդի ակնկալած հաղթանակը գրանցել, որովհետև մենք գործ ունենք ոչ ստանդարտ իշխանությունների հետ: Եվ ապրում ենք մի երկրում, որտեղ ժողովրդի կամքն իշխանությունն առանձնապես չի հարգում, հակառակ դեպքում վաղուց հրաժարական տված կլիներ: Ուրեմն, մեր քայլերը պիտի լինեն հաշվարկված և նպատակային: Կարծում եմ, որ ժողովուրդը դա հասկանում է, հատկապես այն հատվածը, որը մշտապես մասնակցել է հանրահավաքներին, շատ լավ գիտակցում է այս ամբողջ գործընթացը և շատ լավ հասկանում է, որ մենք ապրում ենք բռնապետական ռեժիմում: Բայց մի օր գալու է այն պահը, երբ ինքդ քեզ պետք է հաշիվ տաս՝ կամովին ու արժանապատի՞վ ես հեռանում, թե՞ ժողովրդի պարտադրանքի ներքո:
Ավելին՝ տեսանյութում