ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի գործընկեր և ֆրանկո-իսրայելցի ֆինանսիստ Տյերի Լեյնը ինքնասպան է եղել Թել Ավիվում:
AFP-ն, հղում անելով գործարարի մտերիմներին, հայտնում է, որ 48-ամյա Լեյնը նետվել է քաղաքի ամենաբարձր երկնաքերերից մեկից: Նրա ինքնասպանության դրդապատճառները պարզ չեն:
Լեյնը 1994-ին հիմնադրել էր Anatevka ընկերությունը, որը 2013թ. հոկտեմբերին համաձայնել էր գլխավորել Ստրոս-Կանը: Դրանից հետո ընկերությունը ստացավ նոր անվանում՝ Leyne, Strauss-Kahn & Partners կամ LSK: Այն զբաղվում էր ակտիվների կառավարմամբ, վենչուրային կապիտալով, ապահովագրությամբ ու ֆինանսական միջնորդությամբ:
Ապրիլին գործակալության լրագրողները զրուցել էին Լեյնի հետ, ու նա հայտարարել էր «հավակնոտ նախագծի մասին»՝ LSK հիմքի վրա DSK Global Investment հեջ-ֆոնդի ստեղծում՝ մոտ 2 մլրդ դոլար կապիտալով: