Թուրք նախկին մրցավար Ահմեդ Չաքարը հաճախ է հայտնվում ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում՝ կատարելով ուշագրավ արտահայտություններ:
Չաքարը, ով հիմա թուրքական Beyaz հեռուստաընկերությունում մարզական մեկնաբանի աշխատանք է կատարում, երեկ կայացած «Գալաթասարայ» – «Բորուսիա Դ.» հանդիպումից հետո եթերում գովեստի խոսքեր է հղել Հենրիխ Մխիթարյանի ու հայերի հասցեին:
«Սիրում եմ հայերին: Մխիթարյանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է: Նա հիանալի խաղաց: Խաղից առաջ էլ վատ կանխատեսումներ ունեի»,- ասել է նա:
Ավելի վաղ Չաքարն ՈւԵՖԱ-ին մեղադրել էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կեղծելու մեջ: Նա պնդում էր, որ զամբյուղում կան հատուկ գնդակներ՝ պատված մագնիսով, որն էլ հնարավորություն է տալիս հասկանալ՝ որ թիմի անվանումը որ գնդակում է գտնվում:
Այնուամենայնիվ, նա չէր կարողացել ապացույցներ ներկայացնել: