Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ տեսադաշտից անհետացած դաշնակիցները կարող են մահապատժի ենթարկված լինել: Այս մասին գրում է Korea Joongang Daily-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականը նշում է, որ հյուսիսկորեացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ անհետացել են պետական ԶԼՄ-ներից մի քանի շաբաթ, ինչն ակտիվացրել է շշուկները վերջերս իրականացված «մասշտաբային զտման» մասին:
Մասնավորապես նշվում է Ազգային պաշտպանական հանձնաժողովի Շինարարական դեպարտամենտի տնօրեն 58-ամյա Մա Վոն Չունի կասկածելի բացակայությունը՝ առաջնորդի կողմից վերջերս անցկացված շինարարական օբյեկտների ստուգատեսի ժամանակ:
Նախկինում նման դեպքերում Մա Վոն Չունը մշտապես ուղեկցել է Կիմ Չեն Ինին: Նա պետական ԶԼՄ-ներից բացակայում է արդեն 66 օր:
Զինվորական ղեկավարության առանցքային պաշտոնյաները նույնպես չեն հիշատակվում հյուսիսկորեական մամուլում: Խոսքը հատկապես ռազմաօդային ուժերի հրամանատարի և Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետի մասին է:
«Ես ստացել են հավաստի տեղեկատվություն, որ նախարարությունների մակարդակով 6 պաշտոնյա մահապատժի է ենթարկվել»,- պարբերականին հայտնել է աղբյուրը: