ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի կարծիքով՝ եթե նույնիսկ հոկտեմբերի 19-ին իր հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրեն ոստիկան է ուղեկցել, ապա դա ընդամենը մի փոքր մեղմացնում է նրանց հանցանքը:
Ենիգոմշյանը նման տեսակետ հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՝ անդրադառնալով միջադեպի վերաբերյալ ոստիկանության տարածած պաշտոնական հոլովակին:
Նրա խոսքով՝ ոստիկանությունը պետք է հրապարակի ամբողջական տեսանյութը, որպեսզի Ենիգոմշյանը համոզվի, որ տարածվածը մոնտաժված է: Ենիգոմշյանն ավելացրեց, որ տարածված տեսանյութը մասամբ տվյալ հատվածի տեսախցիկների և մասամբ էլ ոստիկանության նկարած տեսանյութն է մոնտաժված տարբերակով:
«Ոստիկանության երեկ հրապարակած տեսաֆիլմը ոչինչ չի ապացուցում, ես ինքս էլ ասել եմ, որ ինձ ուղեկցել են, տաքսի առաջարկել, բայց հրապարակված տեսանյութով չի ապացուցվում, որ ինձ ուղեկցողը ոստիկան է եղել»,- ընդգծեց Ենիգոմշյանը:
Բանախոսն ավելացրեց, որ եթե անգամ իրեն ոստիկան է ուղեկցել, ապա դա նրանց կատարած հանցագործությունը միայն մի փոքր մեղմացնում է. «Անմարդկային և անբարոյական արարք է, դա քաղաքացու և առաջին հերթին հաշմանդամ քաղաքացու նկատմամբ կատարված հանցագործություն է: Սա քաղաքական ուղերձ է և՛ անձամբ ինձ, և՛ իմ ընկերներին ու բոլոր պայքարողներին: Նրանք ինձ անգամ ձեռնաշղթաներ են հագցրել, քաշքշելով դուրս բերել մեքենայից»,- ասաց Ենիգոմշյանը:
Նրա խոսքով՝ եթե անգամ իրենց ոստիկաններ են մոտեցել, ապա դա արել են ուշացումով, և իր հարևանին բերման ենթարկելուց հետո ինքն անօգնական մնացել է փողոցի բանուկ հատվածում: «Առաջին վայրկյաններից ասել եմ, որ չեմ տեսնում, հետո ևս կրկնեցի, բայց ոչ մի օգուտ: Կասկած չկա, որ հսկում էին շենքը, ես ապացույց չունեմ, բայց կասկածի տակ էլ չեմ առնում»,- ասաց նա:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի