Այսօր կառավարության առաջ կրկին բողոքի այցիա էին անում Աժ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, հունիս ամսին հանկարծամահ եղած Աշոտ Տոնոյանից՝ «Տոնուսից» տուժած բնակիչները: Նրանք այս անգամ ավելի մարտական էին տրամադրված և «պատերազմով» էին սպառնում: Նրանք պահանջում էին իրենց գնած բնակարանները վերադարձնել իրենց, ինչին երկու տարի է՝ սպասում են: «Մենք պահանջում ենք մեր գնած բնակարանները վերադարձնել մեզ: Արդեն երկու տարի է՝ մենք պայքարում ենք, բանկի կառավարիչների հետ ենք հանդիպել, եղել ենք ընդհուպ նախագահի մոտ, որը հանձնարարել է զբաղվել մեր հարցով, բայց ոչ մի արդյունք, ոչ մի դրական պատասխան»,- կառավարության դիմաց ակցիայի ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բողոքեց «Տոնուսից» տուժած բնակիչներից մեկը: Նրա խոսքով՝ իրենք վարչապետի հետ դեռ չեն հանդիպել, հույս ունեն, որ վարչապետն այսօր կնդունի իրենց և մի դրական լուծում կառաջարկի:
«Մենք մեր բնակարաններն ենք պահանջում, ավել բան չենք ուզում: Թե ոնց կլուծեն այս խնդիրը՝ թող իրենք մտածեն: Իրենք են մեր կառավարությունը, մենք էլ ուրիշ ոչ մեկին չենք կարող դիմել, ոչ մի երկրի կառավարություն մեր խնդրին չի կարող լուծում տալ»,-ավելացրեց մեր զրուցակից բնակիչը:
«Տոնուսից» խաբված բնակիչները պետք է դեռ 2010 թվականին բնակարանամուտ տոնեին, բայց արդեն 4 տարի է անցել, և ոչ մի արդյունք:Նրանք հանդիպել են նաև «Արցախբանկի» ղեկավարության հետ, ովքեր առաջարկել էին, որ բնակիչները յուրաքանչյուր ք.մետրի համար ավելացնեն 70 դոլար, որից հետո շենքը կկառուցվեր, և բնակարանները կբաժանվեին բնակիչներին, բայց դա էլ կյանքի չկոչվեց: «Մենք մայիս ամսին հանդիպեցինք բանկի ղեկավարության հետ, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, բայց տեսնում եք արդյունքը: Մենք նորից այս դռների մոտ մեր բնակարանենրն ենք պահանջում: Ավելին՝ արդեն լուրեր են պտտվում, որ նրանք ցանկանում են գումարները վերադարձնել 14 տոկոս պահումով, ինչը մեզ համար անընդունելի է: Գումարի վերադարձման մասին խոսք լինել չի կարող»,- ասացին տուժածները:
Բնակիչների խոսքով՝ գումարի վերադարձի պարագայում իրենք կմտնեն շենք և դուրս չեն գա: «Պատերազմ են ուզում՝ կստանան»,-ասացին նրանք: