Իրաքյան Քրդստանի խորհրդարանը հավանություն է տվել «փեշմերգայի» (քրդական աշխարհազորի) ջոկատներ ուղարկելուն դեպի սիրիական Քոբանի քաղաք, որը ենթարկվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումներին: Այս մասին հայտնում է տեղի պաշտոնական pukmedia գործակալությունը:
Որոշումը, որը թույլ է տալիս Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին ջոկատներ ուղարկել Քոբանի, ընդունվել է չորեքշաբթի երեկոյան կայացած արտակարգ նիստում:
Երկուշաբթի ԱՄՆ օդուժը դեղորայք, զենք և զինամթերք էր նետել Քոբանիի քուրդ պաշտպաններին: Օգնությունն ուղարկվել էր Իրաքյան Քրդստանի կառավարության կողմից: Ավելի ուշ համացանցում տեսագրություն էր հայտնվել, որն ապացուցում էր, որ զենքը հայտնվել է ԴԱԻՇ-ի զինյալների ձեռքում: