Վատիկանի թանգարանները հոկտեմբերից սկսել են «Ողորմածության արվեստ» ծրագրի իրականացումը: Խոսքը մի շարք արտակարգ միջոցառումների մասին է, որտեղ ցուցանմուշներին ավանդական այցելությունը կհամընկնի Սիքստինյան մատուռի համերգների հետ: Միջոցառումներից ստացված ողջ հասույթը և նախագծին աջակցող ընկերության կողմից ներդրված գումարները Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կամքով կօգտագործվեն բարեգործական նպատակներով, հաղորդում է «Վատիկանի ռադիոն»:
Վատիկանի թանգարանների տնօրեն Անտոնիո Պաոլուչին նշել է, որ այդ «յուօրինակ հնարավորությունը հասցեագրված է նրանց, ով ցանկանում է մասնակցել բարձր մշակութային և սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնությանը»:
«Նախագծի նորույթն այն է, որ այս անգամ հենց թանգարաններն են փնտրում ուժեր և միջոցներ` հանուն արվեստի տարբեր տեսակների գեղեցկության և դրանց միջև երկխոսության` ստացված միջոցները փոխանցելով Սրբազան հորը աղքատության շեմին ապրող մարդկանց կենսական պահանջների համար»,- հավելել է Պաոլուչին: