«Ի՞նչ կապ ունի կոռուպցիան կառավարման ճգնաժամի հետ։ Դժվարություններ կան, բայց դեռ ճգնաժամի չեն հասել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ անդրադառնալով ոչ իշխանական երեք ուժերի ներկայացրած հայտարարության նախագծին, որով նրանք համարում են, որ Հայաստանում առաջացել է կառավարման ճգնաժամ՝ Ազգային ժողովին առաջարկելով այն հաղթահարելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։
Հ. Հարությունյանը ընդունում է, որ մեր երկրում իսկապես կա արտագաղթ և աղքատության մեծ տոկոս, բայց չի կարծում, թե դրանք այն աստիճանի են, որ կառավարման ճգնաժամ է առաջացել։ Համլետ Հարությունյանի խոսքով՝ ուժեղ ընդդիմությունը օգտակար է մեր երկրի համար, և որ ողջ աշխարհում ընդդիմությունն է բարեփոխումների գաղափարներ առաջադրում։
Նա դրական համարեց ոչ իշխանական ուժերի առաջարկած 12 կետերը և ավելացրեց, որ կան կետեր, որոնց իրականացման շուրջ կարելի է քննարկում անել։ Մեր դիտարկմանը՝ բայց չէ՞ որ ոչ իշխանական ուժերն այդ կետերը դեռևս 4-5 ամիս առաջ էին իշխանություններին ներկայացրել, ինչո՞ւ մինչ այժմ դրանք չեն կատարվել կամ քննարկվել, պատգամավորը պատասխանեց. «Ես շարքային պատգամավոր եմ. կարող եք հարցնել պատկան մարմիններին՝ նախագահին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին»։