Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զինադադարի խախտման դեպքերը շորունակվում են, ինչը մեծացնում է սրման ռիսկը և պահպանում է լարվածության բարձր մակարդակը: Այս մասին չորեքշաբթի օրը Trend-ին ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:
Նրա խոսքով՝ զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը հուլիսի վերջի-օգոստոսի սկզբի համեմատ նվազել են:
Կասպրշիկը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները վերջերս արված հայտարարության մեջ կողմերին կոչ են արել թուլացնել լարվածությունը և հատկապես զերծ մնալ քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնությունից:
«Ես և թիմը մանդատի համաձայն կշարունակենք շփման գծում իրավիճակի մոնիթորինգ կատարել, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատանքը լարվածության թուլացման ու տվյալ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման գործում օգնություն ցուցաբերելու ուղղությամբ»,- նշել է Կասպրշիկը: