Վենեսուելայի 2015 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է նավթի մեկ բարելի 60 դոլար միջին տարեկան արժեքով, իսկ դրա եկամտային մասը գնահատվել է մոտ 118 մլրդ դոլար (741.7 մլրդ բոլիվար):
Noticias24 պարբերականի տվյալներով՝ երեքշաբթի երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Մարկո Տորեսի կողմից:
Վենեսուելայի բյուջեի եկամտի չափն ավելացել է 30 տոկոսով՝ ընթացիկ տարվա համեմատ, չնայած նավթի կանխատեսվող արժեքի նվազմանը: Առաջիկա շաբաթներին փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանականների կողմից ՝մինչ տարեվերջ հաստատվելու համար:
Այժմ վենեսուելական նավթի մեկ բարելն արժե 77.65 դոլար, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին 4 տարում: Վենեսուելան օրական արտահանում է մոտ 2.5 մլն բարել նավթ, որի հիմնական մասն ուղղվում է ԱՄՆ և Չինաստան: Երկրից իրականացվող արտահանման մեջ նավթն ամենակարևոր դերն է կատարում: Դրան բաժին է ընկնում արտաքին առևտրից աշխատած յուրաքանչյուր 100 դոլարից 96-ը: