Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ փուլի «Մարիբոր»-ի դեմ խաղից հետո Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է հասցեագրել իր սաներին: Պորտուգալացին բարձր գնահատականի է արժանացրել 36-ամյա հարձակվող Դիդիե Դրոգբայի գործողությունները: Նշենք, որ լոնդոնյան ակումբ վերադառնալուց հետո Դրոգբան խփեց իր առաջին գոլը թիմի կազմում:
«Մենք լրջորեն ենք մոտեցել այս խաղին: Անգամ երբ հաշիվը 3:0 էր, սաներս որակյալ խաղ էին ցուցադրում և բարձր արագություն: Զարմացա, որ Ազարը Դրոգբային զիջեց 11 մետրանոց իրացնելու իրավունքը:
Սովորաբար, ես եմ նշանակում ստանդարտ դիրքերն իրացնող ֆուտբոլիստներին, սակայն Դիդիեն խփեց, և ես ուրախ եմ: Չէի սպասում, որ նա կարող է 75 րոպե անցկացնել խաղադաշտում: Դրոգբան լավ մարզավիճակում է և շատ օգուտ կարող է տալ «Չելսի»-ին»,-BBC-ն մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: