Կորուստները, որոնք կրում են աֆղանական զինված ուժերն ու ոստիկանությունը, մշտապես աճում են, և այս տարի կորուստները հասել են 4380-ի՝ պատերազմի սկզբից առավելագույն ցուցանիշի: Այս մասին ասվում է The Wall Street Journal-ի հրապարակման մեջ:
Ինչպես նշում են պարբերականի աղբյուրներն ԱՄՆ-ի և Աֆղանստանի ռազմական գերատեսչություններում, կորուստները, որոնք կրել են Աֆղանստանի անվտանգության ուժերն այս տարվա ընթացքում, գրեթե կրկնակի գերազանցում են այդ երկրում պատերազմի ողջ ընթացքում զոհված ամերիկացի զինվորների ու սպաների թվին:
Աֆղանական ուժերն անցած տարի ստանձնել են անվտանգության ապահովման պատասխանատվությունը: Ընթացիկ տարին ավելի արյունալի է եղել: Թալիբներն ամռանը հարձակումներ են սկսել երկրի տարբեր հատվածներում՝ օգտվելով երկրում տիրող քաղաքական անկայունությունից: