Թեհրանը պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի հետ՝ ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: IRNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին:
Շամհանին այս հայտարարությունն արել է նախօրեին Թեհրանում՝ Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ Իրանը ՄԱԿ-ը դիտարկում է որպես միակ օրինական մարմինն այդ հարցում:
«Սիրիական ընդդիմությանը զինելու Արևմուտքի և տարածաշրջանի երկրների որոշումը դարձավ գլխավոր խոչընդոտը երկրում խաղաղության և անվտանգության ճանապարհին: Իրանը կշարունակի դիմակայել ահաբեկչական խմբերին՝ հանուն տարածաշրջանում կայունության հաստատման»,- ասել է նա:
Միստուրան, իր հերթին, հայտարարել է, որ տարածաշրջանի բոլոր ազդեցիկ երկրները պետք է մասնակցեն ահաբեկչության դեմ պայքարին: