ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 1 ճաշի ընթացքում հավաքել է 2.1 մլն դոլար՝ Կոնգրեսում ընտրությունների նախաշեմին ի պաշտպանություն դեմոկրատների: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը՝ հղում անելով աղբյուրներին: Միջոցառումն անցկացվել է Բրենթվուդի Tavern ռեստորանում:
Տոմսն արժեցել է 32.4 հազար դոլար: Հյուրերը նաև հնարավորություն են ունեցել մինչև 211.2 հազար դոլարի ներդրում կատարել Grassroots Victory Project 2014 կոմիտեին՝ նշում է պարբերականը: Միջոցները հավաքել են Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող թեկնածուներին աջակցելու համար:
Միջոցառմանը հյուրընկալվել է մոտ 60 մարդ, երեկոն վարել են պրոդյուսեր Ջեֆրի Քաթցենբերգը և ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը:
Աղբյուրի խոսքով՝ Քլինթոնը չի նշել՝ արդյոք պատրաստվո՞ւմ է մասնակցել 2016թ. նախագահական ընտրություններին, սակայն հյուրերը «նրան վերաբերվել են այնպես, կարծես նա արդեն մասնակցում է նախագահական պայքարին»: