Կանադական 6 կործանիչներ, որոնք կմասնակցեն ԴԱԻՇ-ի զինյալների դեմ միջազգային գործողությանը, այսօր կուղևորվեն Մերձավոր Արևելք: Այս մասին ասվում է Կանադայի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում՝ փոխանցում է TASS գործակալությունը:
«F-18 կործանիչները գործողությանը մասնակցելու համար կուղևորվեն հոկտեմբերի 21-ի առավոտյան՝ Քոլդ-Լեյք ավիաբազայից (Ալբերտա նահանգ)»,- ասվում է փաստաթղթում:
Կործանիչներից բացի՝ Կանադան պայքարի է ուղարկում երկու CP-140 Aurora հետախուզական օդանավեր և լիցքավորող մեկ Airbus СС-150 Polaris օդանավ, ինչպես նաև 600 զինծառայողների՝ օդային առաքելությանն աջակցելու համար: Կանադական զորակազմը կտեղակայվի Քուվեյթում:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը, կանադական ավիացիան հարվածներ կհասցնի իսլամիստների դիրքերին միայն Իրաքի տարածքում: Նա ընդգծել էր, որ զինծառայողները չեն մասնակցի հնարավոր ցամաքային գործողությանը: