Ջերմաստիճանը Երկրի վրա շարունակում է նոր ռեկորդներ սահմանել և այս տարի խոստանում է լինել ամենաշոգն օդերևութաբանական դիտարկումների 135-ամյա պատմության ընթացքում: Այս մասին հայտնել է Օվկիանոսային և մթնոլորտային ուսումնասիրությունների ԱՄՆ ազգային վարչությունը, որը երկուշաբթի հրապարակել է իր նոր հետազոտության արդյունքները՝ փոխանցում է TASS գործակալությունը:
Նշվում է, որ սեպտեմբերին մեր մոլորակի միջին ջերմաստիճանը կազմել է 15.72ºС, ինչը երբևէ եղած ամենաբարձր ջերմաստիճանն է: Այս տարի ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշներ էին արդեն գրանցվել մայիսին, հունիսին և օգոստոսին:
Առաջին 9 ամիսներին միջին ջերմաստիճանը կազմել է 14.78ºС: Նման բարձր ջերմաստիճան հունվարից սեպտեմբեր գրանցվել է միայն 1998 թվականին:
Անցած տարի միջին ջերմաստիճանը մոլորակի վրա կազմել է 14.52ºС: Արդյունքում՝ 2013 թվականը չորրորդ տեղում է հայտնվել ջերմաստիճանային ցուցանիշներով՝ սկսած 1880 թվականից:
Գլոբալ տաքացման հիմնական պատճառներից մեկը գիտնականները համարում են ջերմոցային էֆեկտը, որն առաջանում է մթնոլորտում ածխաթթու գազի արտանետման հետևանքով: