«Վնուկովո» օդանավակայանի ավիաաղետի ժամանակ զոհվել է Total ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին՝ հաստատել է ֆրանսիական կոնցեռնը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ընկերության ղեկավարը գործուղմամբ գտնվում էր Մոսկվայում: Բիզնես ավիացիայի Dassaukt Falcon ինքնաթիռում եղել է 4 մարդ՝ դե Մարժերին, երկու օդաչուներ և բորտուղեկցորդուհին:
«Total-ը խորը ցավակցությամբ և վշտով հաստատում է, որ նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆ դե Մարժերին Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ավիաաղետի հետևանքով զոհվել է: Աղետը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը բախվել է ձյուն մաքրող մեքենային»,- ասվում է հաղորդագրությունում:
Փորձագետները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի սև արկղերը: Օդանավակայանի մամլո ծառայության ղեկավար Ելենա Կռիլովայի խոսքերով՝ ինքնաթիռը բախվել է ձյուն մաքրող մեքենային, որի վարորդը դեռևս շոկի մեջ է, սակայն լրջորեն չի տուժել: