«Չկա Սփյուռք՝ առանց Հայաստանի, և չկա Հայաստան՝ առանց Սփյուռքի. սրանք այնքան փոխկապակցված են, և մեկի լինելիությամբ այնքան պայմանավորված է մյուսը, որ կարծում եմ՝ որքան ջրբաժան գծերը ջնջենք, այնքան լավ կլինի: Աշխարհը հիմա բաց է, և պետականության շրջանում կենտրոն ունենալ և օգտագործել համայն հայության ներուժը, բխում է և՛ սփյուռքի, և՛ Հայաստանի շահերից»,- այսօր Արևմտահայերի ազգային համագումարին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը՝ հավելելով, որ աշխարհում չկա որևէ ազգային խնդիր, որ այդ ազգի պատասխանատվությունից դուրս լինի:
Նրա խոսքով՝ ոչ ոք մեր ազգային խնդիրները չի լուծելու, ոչ ոք մեր պահանջատիրության կողքին չի կանգնելու, եթե ինքներս չլինենք դրա առաջամարտիկների շարքում. «Սա անշրջելի գործընթաց է. ավելի լավ է ուշ, քան երբեք»,- հավելեց նա:
Սփյուռքահայության խնդիրն է ոչ միայն բացառապես Ցեղասպանության և հարյուրամյակի միջոցառումների վրա կենտրոնանալը, այլ անկախ Հայաստանի, մեր պետականության հզորացման վրա:
Անդրադառնալով թեժ աշնանը, ինչպես նաև հանրահավաքներին՝ Թամար Պողոսյանը ասաց. «Եկեք այստեղ դնենք բազմակետեր… Հասարակության համախմբման բոլոր այն ձևաչափերը, որոնք ուղղված են մեր պետականության հզորացմանը, Հայաստանում հայաստանցու կյանքի բարելավմանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ավելացմանը, ես ողջունում եմ: Եվ հավատացեք՝ երբ հավաքվում է ազգը, ազգային միասնության մեջ կա հանունի գաղափարը, և եթե մենք այդ հանունը հստակ ձևակերպում ենք և այդ հանունի շուրջ համախմբվում ենք, միշտ հավատացեք, որ դրա մեջ ինչ-որ դրական բան կա:
Յուրաքանչյուր ժամանակ ունի իր պահանջները, իր մոտեցումները: Այսօր փոխվել է Հայաստանի քաղաքացին, ձևավորվել է ազատ մտածող հայաստանցի»,- հավելեց Թամար Պողոսյանը:
Ավելին՝ տեսանյութում: