Ամերիկացի դերասան Նիկոլաս Բրենդոնը, ով հայտնի է «Բաֆի» հեռուստասերիալում Հարիսի դերով, ձերբակալվել է հարբած վիճակում ոչ ադեկվատ պահվածքի պատճառով: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Բոյսե քաղաքի (Այդահո նահանգ) հյուրանոցներից մեկում: Հեռուստաընկերության տվյալներով՝ հյուրանոցի աշխատակիցները ոստիկանություն են կանչել, երբ Բրենդոնն իրեն պահել է «վայրենու նման»՝ կոտրելով դեկորատիվ սկուտեղը: Ավելի ուշ դերասանին ձերբակալել են դեպքի վայր ժամանած իրավապահները:
Նրան առաջադրվել են ուրիշի սեփականությանը վնաս հասցնելու և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքներ: Դերասանն ազատ է արձակվել գրավի դիմաց, որի չափը չի հստակեցվում: