Նյու Յորքի դպրոցականներից անցած ուսումնական տարում առգրավվել է ավելի քան 1200 միավոր զենք, այդ թվում՝ 9 ատրճանակ: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Ինչպես նշում է պարբերականը՝ հղում անելով քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրներին, առգրավված զենքի կեսից ավելին հայտնաբերվել է շնորհիվ մետաղորսիչների, որոնք տեղադրված են դպրոցների մուտքերում: Զենքն իրենց հետ բերում են հիմնականում այն սովորողները, ովքեր ապրում են անբարենպաստ շրջաններում, օրինակ՝ Հարավային Բրոնքսում:
Մեգապոլիսի ոստիկանական վարչության ներկայացուցիչների խոսքով՝ նրանք դա անում են ոչ թե հանցագործություն կատարելու, այլ հակամարտության դեպքում պաշտպանվելու հնարավորություն ունենալու համար:
Ամենից հաճախ իրավապահները ստիպված են լինում առնչվել դանակի հետ: Ոչ հազվադեպ հանդիպում են նաև ածելիներ, էլեկտրաշոկեր:
Անցած տարի զենքով դպրոց գնացած ամենաերիտասարդ նյույորքցին եղել է 10 տարեկան: