«Յուրաքանչյուր ոք իր գործունեության ընթացքում իրավունք ունի ունենալ իր տեսակետները, արտահայտել կարծիքները, զբաղվել հասարակական-քաղաքական կյանքով կամ էլ հրաժարական տալ ու անցնել հանգիստ աշխատանքի»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոններից Արմեն Գևորգյանի հրաժարականին:
Այդ թափուր պաշտոնների համար, ի թիվս այլ թեկնածուների, շրջանառվում է նաև Ս. Օհանյանի անունը: «Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- պատասխանեց նա:
«Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան՝ Ս. Օհանյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Էլմար Մամեդյարովի՝ օրեր առաջ արած հայտարարությանը: Վերջինս ասել էր, թե Ուելսում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի վերջին հանդիպման ժամանակ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեծ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը: «Մենք բոլորս էլ ակնկալիքներ ունենք, որ խաղաղություն տիրի, և Ադրբեջանի պաշտպանության նախարարին խորհուրդ կտայի, որ առաջին հերթին շփման գծում ՀՀ սահմաններում վստահության մթնոլորտի ձևավորման հիմքեր ստեղծվեն. դադարեցվեն կրակոցները, ինչն այս վերջին օրերին իրականում ավելի է լարվել»,- ասաց Ս. Օհանյանը: